Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցությունները կմեկնարկեն 2012 թ.-ի առաջին կեսին. էկոնոմիկայի նախարար

27.12.2011, 18:27
Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցությունները կմեկնարկեն 2012 թ.-ի առաջին կեսին. էկոնոմիկայի նախարար
Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցությունները կմեկնարկեն 2012 թ.-ի առաջին կեսին. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցությունները կմեկնարկեն 2012 թ.-ի առաջին կեսին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին մենք վերջապես կկարողանանք սկսել բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, որի ստորագրումը թույլ կտա մեր գործարարներին բավականին ազատ հասանելիություն ստանալ եվրոպական շուկաներին և ինտեգրել մեր տնտեսությունը եվրոպական տնտեսական համակարգին», - ասել է նա, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նախարարի խոսքերով՝ այսօրվա դրությամբ արդեն կան բոլոր նախադրյալները բանակցությունների մեկնարկի համար:

«Օգոստոսին մենք ընդունեցինք գործողությունների հատուկ ծրագիրը, որը հաստատվել է վարչապետի կողմից և մեծ աշխատանք իրականացրեցինք, որը հիմնականում ուղղված էր մեր օրենսդրությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն», - տեղեկացրել է Դավթյանը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարին կարևորագույնն էր ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման և խորացման տեսակետից, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակներում:

«Այս պահին ապագա համաձայանգրի 20 ուղղության, ավելի ճիշտ գլուխների հարցում մենք ստացել ենք ԵՄ-ի հավանությունը», - ավելացրել է նախարարը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում:

Մշակվող համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրին, այն նպատակ ունի խորացնել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-