Հայաստանը նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինից ընդունելով հավատարմագրերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անկախացումից ի վեր մեծ նշանակություն է տվել Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Նախագահի խոսքով՝ Քուվեյթում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Քուվեյթի դեսպանության հիմնումը վկայում են երկու երկրների միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման փոխադարձ ցանկության մասին:
Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինն իր հերթին նշել է, որ իբրև Հայաստանում Քուվեյթի առաջին դեսպան՝ իր երկրի կառավարության կողմից հանձնարարություն ունի ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով Հայաստանի հետ զարգացնելու հարաբերությունները:
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում, երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում սերտ փոխգործակցությունը:-0-