Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը կարող է եվրոպական մյուս երկրների համար մոդել դառնալ, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Մենք ականատես դարձանք այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և քննադատման հարցը ոչ միայն սառեցված չէ, այլ նաև մեծ քանակությամբ ազդակներ է ստացել, և որպես լայնածավալ քաղաքական գործընթաց, անշուշտ շարունակություն կունենա»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բեքարյանը:
Այդ կապակցությամբ նա ընդգծեց, որ Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից այն եղել է, կա և կմնա այդ արժեքների պահպանման և զարգացման օրրանը:
Նշելով, որ մի քանի վերլուծաբաններ կարծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին կարող է խանգարել հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը, Բեքարյանն ասաց, որ հակառակ կարծիքի է:
Այդ կապակցությամբ քաղաքագետը պարզաբանեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի քննարկումները, որոնք ուղեկցվել են մամուլով և հեռուստատեսությամբ համապատասխան նյութերով, հերթական անգամ հիշեցրեցին աշխարհին այդ հարցի մասին:
Բացի այդ, ըստ Բեքարյանի՝ տվյալ գործընթացը հերթական անգամ հիշեցրեց աշխարհին, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքական քաղաքական միտքն ու մշակույթը:
«Թուրքերն էական ջանքեր են գործադրել, որպեսզի աշխարհը կրկին հիշի, պատկերացնի և հասկանա, թե ինչ է նշանակում «թուրքական ոճի բանավեճը»՝ դրանք ուժ կիրառելու սպառնալիքներ են, շանտաժ և հիստերիա»,- ասաց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-