Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկու երկրների համապատասխան նախարարներին հանձնարարեցին գործադրել բոլոր ջանքերը Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ուրբաթ:
«Նախագահները կարևորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար»,- ասվում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:
Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներդումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը:
Ահմադինեժադի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում մի շարք միջկառավարական համաձայնագրեր ստորագրվեցին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը, «ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր, «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և ԻԻՀ ստանդարտների և արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջև» Փոխըմբռնման հուշագիրը, «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիրը:
Երկու պետությունների ղեկավարներն ընդգծեցին երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներում փոխհամագործակցության մակարդակի բարձրացման համար ստորագրված համաձայնագրերի իրականացման կարևորությունը: -0-