ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Որևէ համագործակցություն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև, ամենայն հավանականությամբ, չի լինի, և այդ քաղաքական ուժերն ինքնուրույն կգնան 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհների՝ նոյեմբերի 25-ին կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ չի բացառում «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն արմատապես կարող է փոխել քաղաքական ուժերի դասավորությունը և սահմանադրական կարգի վերականգնման ու ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրագործման լուրջ երաշխիք դառնալ:
Բագրատյանի խոսքով՝ Տեր_Պետրոսյանի հայտարարությունն ուղղված է նրան, որ ԲՀԿ-ն վերջնականապես կողմնորոշվի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ իր հարաբերություններում:
«Տեր-Պետրոսյանի հայտարարությունը բոլորովին չի նշանակում, որ նա հիացած է Գագիկ Ծառուկյանով և «Բարգավաճ Հայաստանի» գործունեությամբ: Պարզապես Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է, որ այսօր Հայաստանում գոյություն ունեն միայն երեք իրական քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը»: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հիմնականում կախված են նրանից, թե ինչպես կդասավորվեն ուժերը: Վերջիվերջո, նրանցից երկուսը պետք է միավորվեն երրորդի դեմ»,- հինգշաբթի ասաց Բագրատյանը մամուլի ասուլիսում:
Նա կարծում է, որ եթե արդյունքները չկեղծվեն, ապա ՀԱԿ-ը կհավաքի 40-45 տոկոս: «Սակայն բոլորս էլ գիտենք, որ արդյունքները կկեղծվեն, այդ իսկ պատճառով մայիսին բոլորին նախապես հրավիրում եմ ընդդիմության հանրահավաքին»,- ասաց Բագրատյանը: -0-