Անցնող տարում իրականացված մի շարք միջոցառումների շնորհիվ Հայաստանի ճանապարհների անվտանգության մակարդակը զգալիորեն բարձրացել է, հայտարարել է հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
«Ձմռանը երկրում հազվադեպ են փակվում ճանապարհները, եթե, իհարկե, եղանակն անսպասելի անակնկալներ չի մատուցում: Հնարավորությունների շրջանակներում մենք բարեկարգում ենք ճանապարհները, անվտանգություն ապահովող տարրեր ենք տեղադրում, թեև, անշուշտ, հատկացվող միջոցները բավարար չեն»,- չորեքշաբթի ասաց նա:
Նախարարի խոսքով, ճանապարհների սպասարկմանը 2011 թվականի բյուջեով նախատեսված էր մոտ 4 մլրդ դրամ (մոտ 10,5 մլն դոլար), ինչի արդյունքում իրականացվել են 62 կմ ճանապարհների և տրանսպորտային վեց օբյեկտների կառուցման և վերականգնման աշխատանքներ:
«Ավելին, միջոցների վերաբաշխման արդյունքում մենք տնտեսել ենք 954 միլիոն դրամ (մոտ 2,5 միլիոն դրամ) և ուղղել դրանք 25 վթարային հատվածների նորոգմանը»,- ավելացրեց նա:
Վարդանյանը հատուկ ընդգծեց այն փաստը, որ 2011 թվականին առաջին անգամ սկսվել է թունելների տեխնիկական վիճակի հետազոտություն համապատասխան միջոցառումների մշակման նպատակով:
Ընդհանուր առմամբ մոտ 3,3 հազար կիլոմետր ճանապարհի շահագործման ու սպասարկման համար ծախսվել է շուրջ 1,3 միլիարդ դրամ (գրեթե 3,4 միլիոն դոլար):
Նախարարը միաժամանակ նշեց, որ ֆինանսական միջոցների պակասի պատճառով Հայաստանում ճանապարհների վիճակի լիարժեք հետազոտություն չի իրականացվել, թեև կա դրա անհրաժեշտությունը: -0-