Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին վերսկսել է աշխատանքը ձմեռային ռեժիմին անցնելու հետ կապված ժամանակավոր դադարից հետո, ասվում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 12-19-ը շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցնելու աշխատանքներ են անցկացվել, և դեկտեմբերի 20-ից ճոպանուղին իրականացնում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ:
«Նշված ժամանակահատվածում ճոպանուղու կառավարման էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարացվել են Սյունիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն)»,- նշել է տնօրենը:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղին ձմեռային ռեժիմում ուղևորափոխադրումներ կիրականացնի մինչև դեկտեմբերի 29-ը, ժամը 10:30-ից մինչև 17:30-ը: Այնուհետև, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ճոպանուղին ուղեւորափոխադրումներ կիրականացնի 2012թ. հունվարի 5-6-ին, որից հետո հունվար և փետրվար ամիսների ընթացքում «ՏաԹևեր»-ը կաշխատի միայն շաբաթ և կիրակի օրերին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն:
«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ 2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։
Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։
ՏաԹևեր ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ճոպանուղու կարգավիճակը։ -0-