ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը 2012թ.-ին ելույթ կունենա «Սպարտակ» բալետով Ֆրանսիայում, Բելգիայում և Հոլանդիայում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
«Մեր բալետային թատերախումբը հրավեր է ստացել Ֆրանսիական բալետային գործակալությունից՝ երկու ամիսների ընթացքում «Սպարտակ» բալետով ելույթ ունենալու առաջարկությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ գործակալությունը նաև Հոլանդիայում և Բելգիայում հայկական թատերախմբի ելույթների կազմակերպիչն է:
Նա նշեց, որ գործակալության պարտադիր պայմաններից մեկն է համարվում այդ երկու ամիսների ընթացքում ամենօրյա բեմադրությունները, ինչը բավական մեծ ծանրաբեռնվածություն կլինի պարողների համար, հատկապես՝ գլխավոր դերակատարների:
Այդ կապակցությամբ Հովհաննիսյանն ավելացրեց, որ թատրոնը մտադիր է հյուրախաղերի մասնակցության համար փոխարինող պարողների հրավիրել, մասնավորապես՝ Մեծ թատրոնից և Յուրի Գրիգորովիչի անվան Բալետի կրասնոդարյան թատրոնից:
Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետն առաջին անգամ բեմադրվել է 1961թ.-ին՝ բալետմայստեր Եվգենի Չանգոյի կողմից: 1977թ.-ին բալետի երկրորդ բեմադրության հեղինակը դարձավ Վիլեն Գալստյանը, իսկ երրորդը 2009թ.-ի գարնանն իրականացրեց համաշխարհային հայտնի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչը: --0--