ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական կամերային թատրոնը ծրագրում է երկու նոր պրեմիերա բեմադրել 2012 թվականի գարնանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը:
«Երկու ներկայացումներն էլ այսօրվա դրությամբ վերջնական անվանում չունեն: Դրանցից մեկի աշխատանքային անվանումն է «Պարոնայք 2 կամ Եգիպտոսի ճանապարհին», իսկ երկրորդինը՝ «Ժաննա դ'Արկի հանելուկը»: Ներկայումս բեմադրման ակտիվ աշխատանքներ են տարվում, և, հնարավոր է, որ մենք նույնիսկ ավարտենք դրանք տարեվերջին, սակայն պրեմիերաները, հավանաբար, գարնանը կլինեն»,- ասաց Երնջակյանը:
Նրա խոսքով, թատերական բեմադրությունները միշտ ընդունվում են հանդիսատեսի կողմից, քանի որ դրանք արտացոլում են հասարակության արդիական խնդիրները:
Երնջակյանը միաժամանակ ընդգծեց, որ ընդհանուր առմամբ հայկական թատրոնի հիմնական խնդիրն այսօր ֆինանսական կողմն է:
Երևանի պետական կամերային թատրոնը հիմնվել է 1982 թվականին գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արա Երնջակյանի կողմից: -0-