ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը կարծում է, որ վերջին տարիներին Հայաստանի եվրաինտերգրման գործընթացում առաջընթաց է նկատվում:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք նկատել Եվրոպայի՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ինտեգրման գործընթացքում»,- ասաց Լոնսդեյլը՝ դեսպանատան Facebook-ի էջում առցանց ռեժիմում պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Ըստ նրա՝ Հայաստանը չի հայտարարել, որ ցանկանում է ընդգրկվել ԵՄ-ում, բայց այժմ մեծ աշխատանք է տարվում «Արևելյան գործընկերության» շրջանակներում չափորոշիչների և նորմերի ներդաշնակեցման, Ասոցացման մասին Համաձայնագրի բանակցությունների ուղղությամբ, ինչը պետք է ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու և մուտքի արտոնագրի հեշտացման մասին Պայմանագրի կնքման բերի:
«Դեռ շատ անելիք կա, բայց դրանք այն բարեփոխումներն են, որոնք ամեն դեպքում համապատասխանում են Հայաստանի շահերին, ում հետ էլ որ նա առևտուր անի: Եվ ԵՄ-ն այդ գործընթացում զգալի աջակցություն է ցուցաբերում»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ ՆԱՏՕ-ի գործընկերներն է: «Մենք բարձր ենք գնահատում նրա դերը Աֆղանստանի և Կոսովոյի, իսկ ավելի վաղ նաև՝ Իրաքի խաղաղապահ գործընթացներում»,- նշեց Լոնսդեյլը:
Միաժամանակ նա ավելացրեց, որ Հայաստանը պետք է ինքը որոշի, թե որքան խորը և արագ ինտեգրվի ԵՄ և ՆԱՏՕ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը կարո՞ղ է ազդել Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, դեսպանը նշեց, որ ոչ ԵՄ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն չեն ձգտում բացառիկ հարաբերությունների:
««Կողմերի ընտրության» անհրաժեշտություն չկա, և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցումը դրա վառ օրինակն է»,- ասաց Լոնսդեյլը:
«Բայց նաև մենք նշում ենք, որ ոչ մի երրորդ կողմ չպետք է խոչընդոտի Հայաստանին կամ մյուս երկրներին ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ առավել մտերիմ հարաբերություններ ունենալու հարցում՝ ներառյալ այդ կազմակերպություններին միանալու նրանց ցանկությանը»,- ավելացրեց նա: -0-