«Հույսի կամուրջ» հայկական հասարակական կազմակերպությունը (հաշմանդամների իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություններից մեկը) ուրբաթ հանդիսավոր կերպով տոնել է իր 15-ամյա հոբելյանը:
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղվածությունն է հաշմանդամների սոցիալական ունակությունների ամրապնդումը, ինտեգրումը և ներառական կրթության միջոցով հասարակության մեջ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների ներգրավումը:
«Այդ 15 տարիների կարևորագույն ձեռքբերումը համարում եմ այն, որ «Հույսի կամուրջը» նվաճել է հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների և նրանց ընտանիքների վստահությունը: Հատկապես այդ հավատը թույլ տվեց կազմակերպությանը ներառական կրթության նախաձեռնող դառնալ և այսօր ուրախանալ այն փաստի համար, որ այսօր ներառական կրթությունը պետական քաղաքականություն է դարձել»,- լրագրողներին ասաց կազմակերպության հիմնադիր և տնօրեն Սուսաննա Թադևոսյանը:
Որպես կազմակերպության կարևորագույն ձեռքբերումներից մեկը Թադևոսյանը նաև նշել է սկզբնական շրջանում «Հույսի կամուրջին» աջակցություն ցուցաբերած բազմաթիվ գործընկերների ներգրավումը:
Նա նշեց, որ հաշմանդամների նկատմամբ հասարակության վերաբերմունքը վերջին տարիներին նշանակալից է, և դրանում զգալի դեր է խաղացել ԶԼՄ-ների ակտիվ գործունեությունը:
Ըստ Թադևոսյանի՝ այսօր Երևանում և Տավուշի մարզի չորս քաղաքներում գործում են հաշմանդամ երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու զարգացման համայնքային կենտրոններ:
Միջոցառմանը ներկա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորել է կազմակերպությանը 15-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Ձեր աշխատանքը շատ դժվար է, բայց շատ կարևոր: Իհարկե, այսօր բազմաթիվ անավարտ խնդիրներ կան, բայց ես վստահեցնում եմ, որ մեր պետության համար այդ խնդիրներն առաջնահերթ են: Եվ մենք ամեն օր, ամեն տարի փորձում ենք միասին հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է առաջին տիկինը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին ընդգծեց «Հույսի կամուրջ» ՀԿ գործունեության կարևորությունը, որն ուղղված է սոցիալապես անապահով ընտանիքներին և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց աջակցելուն:
Նա ընդգծեց, որ նախարարությունը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում «Հույսի կամուրջին» իր նախաձեռնությունների հարցում:
Շնորհավորելու արարողության ժամանակ «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից երախտագիտության պարգևների արժանացան ՀՀ առաջին տիկինը, կրթության ոլորտում կազմակերպությանն աջակցություն ցուցաբերած մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկեր կազմակերպություններ:
Բացի այդ, Սուսաննա Թադևոսյանը պարգևատրվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալով:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ն ստեղծվել է 1996թ.-ին, և դրա նպատակն է հաշմանդամ երեխաների և երիտասարդ ընտանիքների իրավունքների պաշտպանությունը և Հայաստանում նրանց սոցիալական ինտեգրմանն աջակցելը: -0-