ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ուրբաթ տուգանել է «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» և «Անի կաթ» ընկերություններին՝ կաթնամթերքի արտադրության մեջ բուսական յուղերի, մասնավորապես, կոկոսի յուղի օգտագործման համար:
«Ստացվում է, որ մենք կերել ենք ոչ թե թթվասեր, կաթնաշոռ և մածուն, այլ չգիտես, թե ինչ, քանի որ ըստ օրենքի՝ դրանք կենդանական ծագման մթերքներ են և չպետք է պարունակեն բուսական խառնուրդներ»,- նիստի ընթացքում ասաց ՏՄՊՊՀ անդամ Արման Մանասերյանը:
Հանձնաժողովի նիստում որոշում է ընդունվել ընկերությունների նկատմամբ նախորդ տարվա ընթացքում ձեռնարկության եկամուտների գումարի 1 տոկոսի չափով առավելագույն տուգանքի կիրառման վերաբերյալ: «Աշտարակ կաթի» համար, այսպիսով, տուգանքը կկազմի 50 մլն դրամ (մոտ 131 հազ դոլար), «Դուստր Մարիաննայի համար»՝ 20 մլն դրամ (52 հազար դոլար) և «Անիի» համար՝ 5 մլն դրամ (13 հազար դոլար):
«Ընկերությունները թթվասերի, կաթնաշոռի և մածունի պատրաստման ժամանակ օգտագործել են բուսական յուղեր կենդանական ծագման յուղերի փոխարեն, ինչը նրանց համար գրեթե 2,5 անգամ էժան է եղել»,- ասաց նա:
Ըստ նրա, ընկերությունները նաև չոր կաթ են օգտագործել կաթի, կաթնաշոռի, թթվասերի և մածունի արտադրության համար, ինչը չի ամրագրվել տուփի վրա:
«Մենք հետազոտել ենք 2010 թվականի հուլիսից 2011 թվականի նոյեմբերն ընկած հատվածը, և պարզվել է, որ այդ ժամանակահատվածում «Աշտարակ կաթ» ընկերությունը ստացել է 158-160 մլն դրամի (413- 418,5 մլն դոլար) լրացուցիչ եկամուտ՝ կոկոսի յուղի և չոր կաթի օգտագործման հաշվին»,- նշեց Մանասերյանը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ ընկերությունների նկատմամբ կիրառվել է առավելագույն տուգանք սպառողներին խաբելու, անբարեխիղճ մրցակցության համար, ինչպես նաև, հաշվի առնելով, որ նրանք արդեն հայտնվել են ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ գների չհիմնավորված բարձրացման համար:
«Մենք սկսեցինք հետազոտություններ անցկացնել, քանի որ ընկերությունների մաքսային փաստաթղթերով հայտնաբերեցինք, որ նրանք ներկրում են կոկոսի յուղ և կաթի փոշի»,- ասաց նա, ընդգծելով, որ «Աշտարակ կաթն» ու «Դուստր Մարիաննան» զբաղեցնում են հայրենական կաթնարտադրության շուկայի 80 տոկոսը:
ՏՄՊՊՀ ռեեստրի համաձայն՝ թթվասերի շուկայում գերակշռող դերը զբաղեցնում են «Աշտարակ կաթ» (50%), «Դուստր Մարիաննա»՝ 35,1% ընկերությունները, կաթի շուկայում առաջատար են «Աշտարակ կաթը» (44,54%), «Դուստր Մարիաննան» (16,7%), «Չանախը» (8,1%), մածունի շուկայում՝ «Դուստր Մարիաննան» (36,9%), «Աշտարակ կաթը» (31,1%), «Չանախը» (6,4%); կաթնաշոռի՝ «Աշտարակ կաթը» (51,1%), «Դուստր Մարիաննան» (29,4%), «Չանախը» (6,3%); կեֆիրի՝ «Դուստր Մարիաննա» (36,5%), «Բիոկաթ» (33,5%), «Աշտարակ կաթ» (18,5%): -0-