Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընտրվել է ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարի պատվիրակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» և «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է պատվիրակների ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանն ընտրվել է համագումարի պատվիրակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Համագումարի անցկացման ամսաթիվն առայժմ հայտնի չէ:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:--0—