ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Քրեական գործը հարուցվել էր Համբարձումյանի գրավոր դիմումի հիման վրա, ով հայտնել էր լրագրողներին, որ ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզպետի կողմից:
Համբարձռումյանը հարձակումը բացատրել է իր կողմից մարզպետի հասցեին հնչեցրած մեղադրանքներով: Մասնավորապես, նա հայտարարել էր, որ Խաչատրյանը «Լիճվազք-Թեի» հանքավայրից գողացել է 102 միլիոն դոլարի (շուրջ 265 հազար դոլար) սարքավորումներ:
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ տևական ժամանակ Ս.Խաչատրյանի և Ս.Համբարձումյանի միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ:
«Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել և կցվել է քրեական գործին»,- նշել են մամուլի ծառայությունից:
Միաժամանակ, Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ «Ս.Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար»:
«Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում է, որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Օրենքով սահմանված կարգով՝ կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել՝ միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական հիմքերը»,- նշվում է հաղորդման մեջ: -0-