ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Երկօրյա աշխատանքային այցով Ղարաբաղ ժամանած պատվիրակության կազմում են պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը, Արմեն Մարտիրոսյանը, ովքեր ներկայացնում են խորհրդարանի տարբեր խմբակցություններ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ։
Ողջունելով Երևանից ժամանած պատվիրակությանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահը Սամվել Նիկոյանին շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Նիկոյանի շահագրգիռ ու գործուն աջակցությամբ առաջիկայում էլ ավելի կխորանան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության կապերը՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ, ինչպես խոստացել է, առաջին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ժամանել:
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու խորհրդարանների փոխգործակցության ասպարեզում առկա հարուստ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը, նշվել են առաջադրված նպատակի իրականացման ուղիներն ու միջոցները։
ՀՀ ԱԺ խոսնակի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հանդիպումը ԼՂՀ խորհրդարանում շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է կատարվել երկու խորհրդարանների փոխգործակցությունն ամենատարբեր ձևաչափերով՝ ընդհուպ մինչև փորձագիտական խորհրդատվությունների և քննարկումների կարգով կյանքի կոչելու հնարավորությունների, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գալիք նիստի որոշ օրակարգային հարցերի ձևավորման շուրջ։ -0-