Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ ընթերցմամբ լրացումներ կատարեց Քրեական օրենսգրքում, որոնք նախատեսում են տուգանքների չափերի ավելացում և ազատազրկման երկարացում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
«Մենք անհրաժեշտ ենք համարում պատժամիջոցների խստացումը, քանի որ, ըստ էության, արդարադատությունն իրականացվում է պետության անունից, և արդարադատություն իրականացնող անձը պետք է պաշտպանված լինի իր աշխատանքի ոտնձգություններից և միջամտություններից», - ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով օրինագիծը:
Ըստ նրա՝ լրացումները որոշ չափով նաև հակակոռուպցիոն ուղղվածություն ունեն, ինչն անմիջականորեն նշված է օրինագծում: «Եթե արդարադատություն իրականացնող մարդը, լինի դա դատավոր, դատախազ կամ քննիչ, պաշտպանված չլինի, ապա նա ավելի ենթարկված կլինի կոռուպցիոն ռիսկերի»,- նշեց Թովմասյանը:
Օրենքը նախատեսում է պատժի սահմանում դատարանի գործունեությանն արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով ցանկացած ձևով միջամտելու համար նվազագույն աշխատավարձի 400-700-պատիկ (նախկին 200- 400-պատիկ) չափով տուգանքի կամ 1-5 տարի ազատազրկման (նախկինում՝ 2 տարուց ոչ ավելի) տեսքով:
Բացի այդ, պատիժը խստացվում է ցանկացած ձևով դատախազի, քննիչի կամ ցուցմունք վերցնող անձի՝ գործի համակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննության նպատակով իրականացվող գործունեությանը խոչընդոտելու համար: Նման դեպքերում նախատեսվում է 1-3 տարի ազատազրկում (նախկինում՝ 1-3 ամիս):
Անձի կողմից վերոնշյալ հանցագործություններն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարելու դեպքում լրացումներով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով տուգանք (նախկին 300-500-պատիկի) կամ ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով (օրենքի նախորդ խմբագրության մեջ՝ առավելագույնը՝ չորս տարի): -0-