ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Նիկոյանը երեքշաբթի ընտրվեց ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը:
Բացի Նիկոյանից, նախօրեին կայացած խորհրդարանի նիստի ժամանակ առաջադրվել էր նաև Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը («Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցություն):
Երեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում Նիկոյանի թեկնածության օգտին քվեարկել է 102 պատգամավոր, Ալավերդյանի օգտին՝ 4 պատգամավոր:
Ինչպես հայտարարել է նորընտիր խոսնակ Նիկոյանը, նրա համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ընտրվել այդ պաշտոնում: «Հուսով եմ, որ կարդարացնեմ ձեր վստահությունն ու այս ամենի համար գործադրված ջանքերը», - հայտարարել է նա:
Նիկոյանը նաև շնորհակալություն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությանն ու անձամբ Լարիսա Ալավերդյանին (ում թեկնածությունը ևս առաջադրվել էր ԱԺ խոսնակի պաշտոնի համար - «Նովոստի-Արմենիա») այլընտրանքային թեկնածություն առաջադրելու համար և խոստացել է լոյալ վերաբերմունք դրսևորել ընդդիմության նկատմամբ:
Նա ավելացրել է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնին թեկնածությունները կառաջադրվեն երեքշաբթի ժամը 18:30-ին՝ խորհրդարանի լրացուցիչ նիստի ժամանակ:
ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնն ամրագրված է ՀՀԿ-ին, որը «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ներառված է իշխող կոալիցիայում:
Իշխող ՀՀԿ-ն դեկտեմբերի 1-ին կայացած կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվել է ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը:
Փոխխոսնակի պաշտոնին առաջարկվել է խորհրդարանական խմբակցության քարտուղար և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-