ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2011թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին 51,1 մլն դոլար կամ ավելի քան 18,9 մլրդ դրամ գումարի չափով 3858,3 տոննա ապրանք է ստացել՝ որպես մարդասիրական օգնություն, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:
Մարդասիրական օգնության 39,5 տոկոսն ԱՄՆ-ից է Հայաստան ներմուծվել: Չինաստանին բաժին է հասել 22,1 տոկոսը, Շվեցարիային՝ 6,2 տոկոս, Ֆրանսիային՝ Հայաստանի համար նախատեսված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալի 3,8 տոկոսը, իսկ ԱՊՀ երկրներին՝ 4,3 տոկոսը, այդ թվում Ռուսաստանից՝ 2,6 տոկոս:
Հայաստանում որպես մարդասիրական օգնություն հիմնականում քիմիական արտադրանք, տեքստիլ, սարքեր և ապարատներ, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ են ներմուծվում: -0-