Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները մտադիր են Գյուղատնտեսական դաշինք ստեղծել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ագրարային ոլորտում մասնագիտական գիտելիքների պակասը, խորհրդատվական համակարգի բարելավման և ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տարածման և փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները, ստեղծում են գյուղատնտեսական դաշինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն` Դաշինքի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել վերոհիշյալ խնդիրների լուծմանը` համատեղ քարոզարշավների, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով:
Բացի այդ մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում ՀՀ գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները Փոխըմբռնման հուշագիր կստորագրեն, որով կարևորում են տեղական գյուղմթերքների արտադրությունը խթանելու համար ոլորտում ավելի շատ ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առաջնահերթությունը:
Փաստաթուղթը կստորագրեն Օքսֆամ ՄԲ Հայաստանի, ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի, «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» հիմնադրամի, ԱՄՔՈՐ-ի, «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի, ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի, ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի (ԲԲՏՄ ԳԿ), «Հորիզոն» Հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպություն, ՎԻՍՏԱԱ Պլյուսի, Սի.Օ.Էյ.Էֆ մանուկների բարեգործական հիմնադրամի, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության (ՍԻՊ) ներկայացուցիչները:
«Նորաստեղծ գյուղատնտեսական դաշինքը բաց է համագործակցության համար, որին կարող են անդամակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով զբաղվող բոլոր հետաքրքրված կողմերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նկատի ունենալով սերմնաբուծության, տոհմային անասնաբուծության համակարգի անկատարությունը և գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, դաշինքը հատկապես կարևորում է գործող ֆինանսական համակարգի կողմից գյուղացիական տնտեսությունների հիմնական մասի համար վարկավորման և լիզինգային մատչելի պայմանների ապահովումը:
Դաշինքը բաց կլինի համագործակցության համար, դրան կարող են միանալ բոլոր շահագրգռվող կողմերը, որոնք զբաղվում են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով: -0-