ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական կամերային երգչախումբը դեկտեմբերի 5-ին ելույթ կունենա Երևանում կայանալիք «Բաբաջանյան ֆեստ» փառատոնին՝ առանց երաժշտական նվագակցության, հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված «Բաբաջանյան ֆեստ» փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի`«Բաբաջանյան ֆեստի» հերթական համերգները կկայանան դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: -0-