ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ցանկացած շենքի և շինության կառուցմանը պետք է պարտադիր կերպով նախորդեն հատուկ սեյսմոլոգիական ուսումնասիրությունները, ուրբաթ լրագրողներին հայտարարել է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը:
«Եթե մենք հստակ չենք կարողանում կանխատեսել, թե երբ և ինչ ուժգնությամբ կլինի երկրաշարժը, ապա մենք պետք է գոնե մի շարք միջոցառումներ ձեռնարկենք՝ այդ բնական աղետը կանխելու և հետևանքները մեղմելու համար», - ասել է Բալասանյանը:
Նրա խոսքերով՝ կանխարգելիչ աշխատանքների շղթայում ամենակարևոր օղակը անվտանգ և սեյսմակայուն շենքերի կառուցումն է:
«Որևէ շինարարական աշխատանք սկսելուց առաջ մասնագետ սեյսմոլոգները պետք է գնահատեն տարածքը, որտեղ պետք է կառուցվի շինությունն ու որոշեն հարկերի թույլատրելի քանակը», - նշել է սեյսմոլոգը: Նա նաև նշել է, որ պակաս կարևոր չէ նաև շինարարական գործընթացը:
«Մենք պետք է ուշադիր լինենք շինարարական նյութերի և իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց, որ շենքի անկայունությունը շատ անգամ կապված է հիմքի և օգտագործվող շինարարարական նյութերի անորակության հետ», - ավելացրել է Բալասանյանը:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում շինարարական խոշոր ընկերությունների կողմից կառուցված նոր շենքերը համապատասխանում են սեյսմիկ նորմերին:
«Հայաստանում նորակառույցների մեծ մասը համապատասխանում է պահանջվող նորմերին, քանի որ նրանց շինարարությամբ զբաղվում են խոշոր ընկերություններ, որոնք աշխատում են պրոֆեսիոնալ ճարտարապետների և շինարարների հետ, սակայն հին շենքերի խնդիր կա, որոնք երկար տարիների ընթացքում չեն ամրացվել և չեն վերականգնվել», - ասել է Մինասյանը:
Նրա խոսքերով՝ հիմնական վտանգը ներկայացնում են հենց այդ կառույցները, որոնք կորցրել ենք իրենց նախնական ճարտարապետական տեսքը և որոնց հիմնական հարկերին ավելացվել են մանսարդային հարկեր:--0--