ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հատուկ հյուր, հայտնի փոփ-երգչուհի Սիրուշոն, հնարավոր է, ապագայում երաժշտություն գրի «Եվրատեսիլի» մասնակիցների համար:
«Ես արդեն երաժշտություն գրում եմ իմ գործընկերների համար, և ես միշտ գաղափարներ եմ ունենում... Հնարավոր է, որ հանդես գամ որպես կոմպոզիտոր, քանի որ արդեն մի շարք առաջարկներ եմ ստացել», - ասել է Սիրուշոն հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա տեղեկացրել է, որ մրցույթի հաջորդ օրն արդեն կսկսի իր նոր երգի տեսահոլովակի նկարահանումները, իսկ առաջիկայում ծրագրում է ելույթ ունենալ նաև Մոսկվայում:
Երգչուհին լրագրողներին պատմել է, որ դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթի ժամանակ կկատարի «Քելե, քելե» երգի ռեմիքս տարբերակը, որի շնորհիվ զբաղեցրել է չորրորդ տեղը «Եվրատեսիլ 2008»-ում:
Սիրուշոն տեղեկացրել է, որ երգի կատարումը կուղեկցվի հայկական ժողովրդական և ժամանակակից պարերի տարրերով:
«Իմ հայրիկն է խորհուրդ տվել «Բերդ» պարի տարրեր կիրառել կատարման մեջ, քանի որ ես շատ եմ սիրում հայկական սիմվոլիկան, միշտ ձգտում եմ ցույց տալ որևէ հայկական բան», - ասել է երգչուհին:
Նա նշել է, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ երիտասարդ մասնակիցների կատարումների հետ, սակայն ընդգծել է, որ մրցույթն առաջին հերթին երեխաներին շփվելու հնարավորություն է տալիս:
«Մենք պետք է հասնենք բարձունքին», - ավելացրել է Սիրուշոն՝ ձևափոխելով մրցույթի նշանաբանը՝ «Reach for the top» (Հասիր բարձունքի):
Հայաստանը 2006 թ.-ից մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին: Հանրապետության ներկայացուցիչների շրջանում լավագույն արդյունքի է հասել Սիրուշոն՝ 2008 թ.-ին զբաղեցնելով չորրորդ տեղը:-0-