Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հինգշաբթի ընդունել է մանկական «Եվրատեսիլ 2011» մրցույթի մասնակիցներին, մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ը Երևանում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության համակարգը:
Ըստ մամուլի հաղորդագրության՝ Նորին Սրբությունը, ողջունելով «Եվրատեսիլի» պատանի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երեխաներին ծանոթացրեց հայ ժողովրդի պատմությանը, ամենայն Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
«Վստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետև արդեն իսկ բարձունք եք նվաճել` մասնակցելով այս մրցույթին», - նշել է Վեհափառ Հայրապետը:
Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց երիտասարդներին:
Հանդիպման ավարտին պատանիներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին:
Դեկտեմբերի 2-3-ը կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Դալիթան՝ «Welcome to Armenia» երգով:
Բացի Հայաստանից մրցույթին մասնակցում են 12 երկիր ներկայացնող երիտասարդ կատարողներ և համույթներ:-0-