Հայաստանի օմբուդսմենի գրասենյակներ կբացվեն փետրվարին Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնք կաջկացեն այս հարցում, քանի որ բյուջեով մարզերում գրասենյակների ստեղծման համար միջոցներ նախատեսված չեն:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ արդեն եղել է չորս մարզերում և շուտով կայցելի ևս երկուսը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի նշանակության մասին բնակչությանն իրազեկելու համար:
«Շատերը մարզերում չգիտեն նման ինստիտուտի մասին կամ չգիտեն, թե որ հարցերի դեպքում է հարկավոր դիմել, այդ պատճառով մեր այցերի նպատակը մարդու իրավունքների պաշտպանության մասին բնակչությանն առավելագույն կերպով իրազեկելն է», - ասաց նա:
Օմբուդսմենը նաև նշեց, որ որոշ մարդիկ դիմում են դատարանի անարդար վճիռից պաշտպանվելու հարցով, սակայն Օմբուդսմենի ինստիտուտին արգելված է միջամտել դատավարություններում, և նման պատասխանը քաղաքացիներին հիասթափեցնում է:
«Լինում են դեպքեր, երբ մեզ զանգահարում և ասում են, որ իրենց մոտ ավարտվել է բենզինն ու օգնություն է հարկավոր կամ բողոքում են ընտանիքում գոյություն ունեցող խնդիրներից», - ասաց նա:
Անդրեասյանը նշեց, որ մարզային այցերի շրջանակներում բնակչությունը, հիմնականում սոցիալական պաշտպանության հարցեր էր բարձրացնում, որոնք կապված են սոցիալական ծանր դրության հետ կամ վերաբերում են անձնագրային ծառայությունների աշխատանքին:-0-