ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հիասթափված է Պատվին, արժանապատվությանն ու աշխատանքային հեղինակությանը պատճառած վնասի դիմաց փոխհատուցման կարգի մասին Քաղաքացիական օրենսգրքի թիվ 1087.1 հոդվածը Սահմանադրությանն անհամապատասխան լինելու մասին նրա կողմից ներկայացված հայցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռից, սակայն պատրաստ է օգնել ԶԼՄ-ներին փոփոխությունների և սնանկությունից պաշտպանական միջոցներ մշակելու հարցում:
Նոյեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանն օմբուդսմենի հայցով վճիռ էր կայացրել, որի համաձայն` Մայր օրենքին համապատասխան էր ճանաչել ՔՕ հոդվածի դրույթները, սակայն պարտադրել էր դատարաններին գնահատել ԶԼՄ-ների նյութական վիճակը պատվի և արժանապատվության վիրավորանքի բողոքների դիմաց փոխհատուցման գումարը որոշելիս:
2010 թ.-ի մայիսին ՀՀ խորհրդարանը ՔՕ-ում փոփոխություններ էր կատարել, որոնք մեծ տուգանքներ էին նախատեսում վիրավորանքի և զրպարտության համար, ինչը հայկական մամուլի վրդովմունքի պատճառ էր դարձել: Փոփոխությունների ընդունումից հետո ավելացավ տպագիր մամուլի դեմ հարուցված քրեական գործերի թիվը, որոնց հիմնական նպատակը, փորձագետների կարծիքով, թերթերի գործունեության դադարեցումն է` հաշվի առնելով մեծ տուգանքները կամ նրանց ներքին գրաքննության հարկադրելը:
Քրեական գործերը հարուցվել էին «Երկիր», «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ» թերթերի նկատմամբ:
«Ես փոքր ինչ հիասթափված եմ արդյունքից, կցանկանայի, որպեսզի ՍԴ-ն, հակասահմանադրական համարելով այս հոդվածը, մեկ հարվածով լուծեր ԶԼՄ-ների հետ կապված դատարաններում գտնվող բոլոր գործերը: Նման վճիռը մարդկային կլիներ, սակայն հարց է՝ արդյո՞ք այն ճիշտ կլիներ համակարգային տեսակետից: Չի կարելի մի քանի թերթերի օգտին, որոնց նկատմամբ նման որոշումն արդար կլիներ, ստեղծել օրենսդրական վակուում, որպեսզի անձը որևէ կերպ պաշտպանված չլինի», - չորեքշաբթի ասաց նա լրագրողներին:
Անդրեասյանը նշեց, որ որպես օմբուդսմեն նա մտահոգված է ինչպես խոսքի ազատության, այնպես էլ անձի արժանապատվության պաշտպանության կապակցությամբ:
Նա նաև նշեց, որ ՍԴ-ի վճիռն ունի նաև դրական կողմեր, մասնավորապես՝ իրավական համակարգի համար չափազանց կարևոր գնահատականներ են ընդունվել, որոնք ապագայում այս ոլորտը կդարձնեն հստակ և հասկանալի:
«Իհարկե, արդյունքները կատարյալ չեն և չի կարելի ասել, թե նոր օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն չկա, քանի որ ՍԴ-ն մի քանի պահ թողել է խորհրդարականների որոշմանը, մասնավորապես՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման առավելագույն շեմի հարցում», - ասաց օմբուդսմենը:
Այս կապակցությամբ Անդրեասյանը խնդրի լուծման երկու ուղի առաջարկեց ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության համար՝ մշակել օրենսդրական փոփոխություններ, այդ հարցում նա անձամբ կարող է անմիջական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև գործարկել ինքնակառավարման մեխանիզմ:
Նա պարզաբանեց, որ արդեն հիմա Հայաստանում հատուկ լրագրողական կառույց է գործում, որը գլխավորում է Աշոտ Մելիքյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե) և կոչ արեց ԶԼՄ-ների խմբագրություններին դիմել այդ կոմիտեին սեփական շահերի պաշտպանության ժամանակ:
«Դա թույլ կտա ԶԼՄ-ների հասցեին ներկայացված բողոքները դատարաններից ուղղել այդ կառույց: Համոզված եմ, որ շատ մարդիկ, ովքեր չեն ցանկանում կանխամտածված կերպով սնանկացնել հրատարակությանը, կդիմեն այդ կառույց, որի ծառայություններն անվճար են», - ասաց Անդրեասյանը:
Նրա կարծիքով՝ լրագրողական հանրության համախմբման դեպքում հայցորդները, որոնց շրջանում կարող են նաև օլիգարխներ լինել, ամոթալի կհամարեն դիմել դատարան և կնախընտրեն լուծել հարցը խաղաղ ճանապարհով, այդ թվում նաև հերքումների միջոցով:
Միաժամանակ նա կոչ արեց ԶԼՄ-ներին չընկնել նյութական շահի հետևից և չհրապարակել պատվիրված նյութեր, որոնց պատճառով հետագայում նրանց կարող են պատասխանատվության ենթարկել:-0-