Հայաստանի պետական հաստատություններն իրավաբանական, տնտեսագիտական և ֆինանսական մասնագիտական կադրերի կարիք ունեն, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
«Առաջին հայացքից ամեն տարի մենք այդ մասնագիտությունների հազարավոր շրջանավարտներ ենք ունենում, սակայն նրանք մասնագետներ չեն, այլ միայն դիպլոմ ունեցող մարդիկ», - ասել է Բադալյանը:
Նրա խոսքով՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող ամեն հինգերորդ մրցույթ հաղթող չի ունենում, քանի որ մրցույթին մասնակցած քաղաքացիները չեն համապատասխանում նվազագույն պահանջներին:
«Բնականաբար, այս ամենը համատարած բնույթ չի կրում, և մենք ունենք բավականին որակյալ կադրեր, սակայն նրանք գիտեն իրենց գինը և պետական կազմակերպություններում ծառայության փոխարեն նախընտրում են մասնավոր ընկերություններում աշխատանքը՝ ավելի բարձր աշխատավարձով», - նշել է Բադալյանը:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի կարծիքով՝ որակյալ կադրերի առկայության խնդիրն ուղղակիորեն կապված է ցածր աշխատավարձի հետ, որն առաջարկվում է մասնագետներին պետական կառույցներում:
«Բացի մի շարք մասնագետների ոչ պրոֆեսիոնալիզմից և չհետաքրքրվածությունից (պետական կառույցներում աշխատելու հարցում) մենք ունենք նաև նեղ մասնագիտական կադրերի առկայության խնդիր, որոնց պակասը ևս սուր է հանրապետությունում, օրինակ՝ միջուկային անվտանգության ոլորտում», - ավելացրել է Բադալյանը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը 2011թ.-ի հոկտեմբերի դրությամբ կազմել է 94 739 դրամ (շուրջ 250 դոլար):-0-