Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Համայն Ռուսիո պատրարք Կիրիլը և Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշազադեն Երևանում կայացած հանդիպումից հետո հռչակագիր են ընդունել, որտեղ ասվում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
«Կողմերը հայտնել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հակված լինելու և այն մասին, որ այդ որոշումը կարող է կայացվել միայն միջազգային իրավունքի հիման վրա»,-հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պատրիարք Կիրիլը:
«Մենք խոսում ենք ուժ չկիրառելու ռեժիմն աջակցելու անհրաժեշտության մասին, որը մարդկանց ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը լավատեսորեն դիտելու հնարավորություն է տալիս»,- ասաց Ռուս Ուղղափառ Եկեղեցու ղեկավարը:
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ երեք երկրների հոգևոր առաջնորդներն արդեն հանդես են եկել գերիների և զոհվածների դիակները վերադարձնելու նախաձեռնությամբ:
«Այդ նախաձեռնությանը մենք ավելացնում ենք երկու երկրների ղեկավարներին ուղղված դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու վերաբերյալ հաստատակամ դիմումը, որպեսզի բաժանման գծում մարդկային արյուն չհոսի, և որպեսզի այլևս մահվան դեպքեր չլինեն: Ուժի կիրառումից հրաժարվելը պետք է նաև իր մեջ ներառի այս շատ կարևոր հանգամանքը»,-ասաց Պատրիարք Կիրիլը:
Ըստ նրա, եթե այլևս արյուն չթափվի, ապա կփոխվի բարոյական և հոգեբանական մթնոլորտը, ինչը նոր հեռանկարներ կբացի խնդրի խաղաղ կարգավորման համար:
«Մենք հարգանքով և վստահությամբ ենք վերաբերվում բանակցությունների գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությանը, մենք աղոթում ենք, որ ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ ժողովուրդների միջև փոխհարաբերությունները քայլ առ քայլ դեպի լավը փոխվեն և որ խաղաղությունն ու արդարությունը հաղթեն երկրագնդի այս հատվածում»,- նշեց Պատրիարքը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-