Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ (Ադրբեջան) Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ովքեր երկուշաբթի Երևանում մասնակցում են ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, նշել են, որ որևէ այլընտրանք չեն տեսնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ (Ադրբեջան) Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքները ծանր բեռի նման ընկած են հայ և ադրբեջանցի ժողովուրդների ուսերին, այդ պատճառով խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման համար պետք է շարունակվեն ջանքերը ինչպես կրոնական, այնպես էլ միջազգային մակարդակներում:
«Մենք ամողջովին աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ մասնակից-երկրների, ինչպես նաև մեր երկրների (Հայաստան և Ադրբեջան) նախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Փաշազադեն:
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ կրոնական գործիչները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ հակամարտությունը ոչ ռազմական ճանապարհով լուծելու համար: «Մենք պետք է հասնենք հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը միջազգային իրավունքի շրջանակներում», - ավելացրել է նա:
Փաշազադեն շնորհակալություն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև երկխոսությանը մշտապես աջակցելու համար, ինչի արդյունքում կանխվել են ղարաբաղյան հակամարտությունը միջկրոնական դիմակայության վերածելու փորձերը:
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր հերթին նշել է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հաստատել է բոլոր հարևան պետությունների հետ խաղաղությունն ու համագործակցությունն ամրապնդելու ձգտումը:
«Այդ քաղաքականության վկայությունն առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձն է, որը հաջողությամբ չպսակվեց Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության պատճառով», -նշել է Կաթողիկոսը:
Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև՝ գլոբալացում, տնտեսական ճգնաժամ, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի իրադարձությունները, հակամարտություններ:
«Այս ամենը հաճախ վտանգում է բարոյական արժեքները, և հաճախ բարգավաճման կողքին ծայրահեղ աղքատություն է: Այդ պատճառով մենք (հոգևոր առաջնորդները) պետք է միասին փնտրենք հակամարտությունների լուծման ուղիները: Խաղաղությանն այլընտրանք չկա, ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի դրույթների պահպանմամբ», - նշել է նա
ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստն անցկացվում է Երևանում նոյեմբերի 28-29-ը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ու ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստի շրջանակներում նախատեսված է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-