ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հայկական համակազմը կզինվի ժամանակակից սպառազինությամբ, Երևանում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք փաստացիորեն ավարտել ենք ԱԱՀՈՒ սպառազինման ծրագրի աշխատանքը և ենթադրում ենք, որ դեկտեմբերի 20-ին Հավաքական անվտանգության խորհրդի պլանային նստաշրջանի ժամանակ այդ ծրագիրը կառաջաևկվի նախագահի հաստատմանը: Այն նախատեսում է ԱԱՀՈՒ-ում ընդգրկված համակազմերի, այդ թվում՝ Հայաստանի համակազմի ապահովումը սպառազինության ժամանակակից ձևերով»,- ուրբաթ ասաց Բորդյուժան ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում Հայաստանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ծրագրի ստորագրումից հետո:
Բացի այդ, գլխավոր քարտուղարի խոսքով, այսօր արդեն քայլեր են կատարվում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ուղղությամբ:
«Մի շարք ռուսական կենտրոնների կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Հայաստանի տարածքում սպառազինության որոշ տեսակների սպասարկման, նորոգման և արդիականացման ուղղությամբ նույնպես ներդրում է հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինման տեսակներով ապահովելու գործում»,- ասաց Բորդյուժան:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ անդամ-երկրների կողմից 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ի կազմում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-