ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը ներկայումս քիչ հավանական է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի հայկական կողմի դեմ, քանի որ, ի հակառակ ռազմական լավ հագեցվածությանը, վստահ չէ, որ կհաղթի: Բացի այդ, պատերազմի դեպքում Ադրբեջանը կզրկվի իր «նավթային հարստությունից» և կենթարկվի միջազգային հանրության քննադատությանը»,- ասաց նա:
Ինչպես կարծում է Մանոյանը, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջիկա երկու տարիներին որևէ փոփոխություն չի ակնկալվում՝ հաշվի առնելով գործընթացի անդամ երկրներում առաջիկա ընտրությունները:
«Հայաստանում, Ադրբեջանում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում ընտրություններ են լինելու: Այդ առիթով սխալ եմ համարում զգալի առաջխաղացման հույս ունենալ առաջիկա երկու տարիներին ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրում»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-