Հայտնի հայ երգիծաբան և դրամատուրգ Վարդան Պետրոսյանի «Սեռասարսափ» բեմադրության հրաժեշտի ներկայացումները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին և 6-ին:
Պիեսում, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին, ներկայացվում է երկու համադասարանցիների՝ գործարարի և թեթևաբարո կնոջ անսպասելի հանդիպման պատմությունը: Ըստ սյուժեի՝ դպրոցական տարիներին միմյանց սիրող մարդկանց հուզիչ և դրամատիկ հանդիպումը վերածվում է իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների փոխաբերության: Բեմադրության մեջ օգտագործվում են տեսաձայնային էֆեկտներ՝ բեմում տեղադրված էկրանի շնորհիվ:
«Դեկտեմբերի 5-ին և 6-ին տեղի կունենան «Սեռասարսափ» բեմադրության հրաժեշտի ներկայացումները... Ես սկսեցի խաղալ այս պիեսում օգոստոսից, երբ քաղաքում ոչ ոք չկար, սակայն դահլիճը միշտ լիքն էր», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տղամարդու դերակատար Պետրոսյանը:
Դերասանը նշեց, որ ներկայացման ամեն ցուցադրությամբ հանդիսատեսի արձագանքը դառնում էր ավելի ու ավելի բուռն, քանի որ նա փորձում էր ավելի դիպուկ դարձնել սեփական խոսքը:
«Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց փոխանցել հանդիսատեսին այն, ինչ ցանկանում էի ցույց տալ ներկայացման մեջ, չնայած հանդիսատեսից ոմանք չկարողացան հասկանալ ինձ մինչև վերջ», - նշեց Պետրոսյանը:
Դերասանը պատմեց, որ հանդիսատեսներից մեկն իր վրդովմունքն էր արտահայտել այն բանի կապակցությամբ, որ ներկայացման կենտրոնական գործող անձը թեթևաբարո կին է՝ այդ ամենի մեջ տեսնելով անարգանք բոլոր հայ կանանց նկատմամբ:
Այս ամենի կապակցությամբ Պետրոսյանը նշեց, որ հերոսուհու կերպարը ստեղծվել է մեծ ջերմությամբ՝ հաշվի առնելով «Սեռասարսափ» բեմադրության մեջ ներկայացվող ողջ պատմության փոխաբերականությունը:-0-