ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժամանակին մուտք գործելը Եվրասիական միություն կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կարծում է Հայրենական արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
«ԵԱՄ-ին Հայաստանի անդամակցությունը պետք է քաղաքական օրակարգի հարց դառնա՝ ելնելով առաջնահերթ քաղաքական հարցերից, այդ թվում նաև ղարաբաղյան խնդրից: Կարծում եմ, որ ԵԱՄ-ն կարող է աջակցել Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Հայաստանը մուտք գործի միություն», - ասել է նա:
Սաֆարյանի խոսքերով՝ այս իրավիճակն իր տրամաբանությամբ նման է այն դրությանը, որում հայտնվել էր Հայաստանը նախորդ դարի 20-ականներին: «Եթե Հայաստանի խորհրդայնացումը ժամանակին տեղի ունենար, ապա երկիրը տարածքային կորուստներ չէր կրի», - ավելացրել է նա:
Սաֆարյանը նաև ընդգծել է, որ ԵԱՄ-ի ձևավորումը ԽՍՀՄ-ի վերակառուցման փորձ չէ, այլ տնտեսական հիմքի վրա որակապես նոր դաշինքի ստեղծում՝ տնտեսական ինտեգրման գործընթացների խորացման, աշխատուժի, կապիտալի, ծառայությունների թափանցիկ տեղաշարժի համար:
«Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, իսկ Ղազախստանի և Բելառուսի հետ միասին այն 165-170-միլիոնանոց շուկա է, որը շատ կարևոր է մեզ համար», - ասել է նա:
Հայրենական արտադրողների միության ղեկավարը նաև նշել է, որ Մաքսային միությանը, իսկ հեռանկարում նաև Միասնական տնտեսական տարածքին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի հնարավոր միացումը հիմք կստեղծի ԵԱՄ-ում Հայաստանի անդամակցության համար:
«Շատերը կարծում են, թե Մաքսային միության անդամ-երկրների հետ միասնական սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է ԵԱՄ-ին Հայաստանի անդամակցության համար: Սակայն, օրինակ, Կալինինգրադի մարզը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, սակայն այս տարածքում ևս միասնական մաքսային համակարգ է գործում: Կարծում եմ, որ այս խոչընդոտը տեխնիկապես վերացվել է, և Հայաստանը պետք է միասնական մաքսային տարածքի մի մասը դառնա, ինչն ուղղակիորեն պետք է դառնա ԱՊՀ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շարունակությունն ու լրացումը», - ասել է նա:
Սաֆարյանի խոսքերով՝ ԵԱՄ-ի անդամ դառնալուց առաջ Հայաստանը պետք է զարգացնի տնտեսությունն ու արտադրությունը՝ մակարդակով ԵԱՄ-ի երկրներին հավասարվելու համար:
«ՀՆԱ-ի նկատմամբ մեր արտաքին պարտքի հարաբերակցությունն այսօր 40 տոկոս է այն դեպքում, երբ Ռուսաստանում՝ 12 տոկոս: Մենք պետք է ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը հասցնենք 40-45 տոկոսի՝ այսօրվա 23-24 տոկոսի փոխարեն», -հավելել է նա:
Եվրասիական միության նախագիծը նախատեսում է քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, հումանիտար և մշակութային միասնական տարածքով անկախ պետությունների միության ստեղծում: Նախորդ ուրբաթ Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիրը, որը ինտեգրացիոն գործընթացի «ճանապարհային քարտեզ է», որի հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է:
Առաջնորդները ներկայացրեցին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պայմանագիրը, որը նոր վերազգային մարմին է, այն կառավարելու է ինտեգրացիոն բոլոր գործընթացները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գլխավորելու է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն, ով նշել է, որ Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկվելու առավել հավանական թեկնածուներն են Տաջիկստանն ու Ղրղզստանը, որոնք Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին ներառված են Եվրասիական տնտեսական միության մեջ:-0-