ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը կընտրվի ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում դեկտեմբերի 5-ին կայանալիք հերթական նստաշրջանի ժամանակ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով իրազեկված աղբյուրներին:
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի, «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, վերահաստատել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում: Աբրահամյանը մտադիր է 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:
Նիկոյանն այս պահին կատարում է ՀՀ ԱԺ խոսնակի պարտականությունները:
Թերթը նաև գրում է, որ փոխխոսնակի թեկնածուի անունը դեռևս հայտնի չէ, սակայն հնարավոր թեկնածուներն են ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն ու «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-