Երևան քաղաքի տեխնոլոգիաների ներդրման կենտրոնը երեքշաբթի ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանին է ներկայացրել Երևանում տարբեր արտակարգ իրավիճակների հնարավոր սցենարների հետևանքների ու խոցման գոտիների ավտոմատ որոշման փորձնական ծրագիրը, հաղորդում է նախարարության կայքը:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր աղետների դեպքում մոնիտորների վրա տեսնել, թե ինչ տարածք է տուժել աղետից, մուտքագրված շառավղով տարածքում առկա կարևոր օբյեկտները` հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ հաստատություններ, ինչպես նաև յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն», - նշվում է տեղեկատվության մեջ:
Միջոցառման ընթացքում նախարար Երիցյանը ծանոթացել է նաև հրշեջ և այլ հատուկ մեքենաների վրա տեղադրվող սարքի` արբանյակային մշտադիտարկման համակարգի ծրագրի հետ:
Մեքենայի վրա տեղադրվող այս սարքը հնարավորություն է տալիս իրական ռեժիմում տեսնել մեքենայի դիրքը քարտեզի վրա և մեքենայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն` վառելիքի քանակ, արագություն, տեղակայման վայրից դուրս գալու և վերադառնալու ժամ և այլն։ Գրանցվող բոլոր տվյալներն ավտոմատ ձևով արխիվացվում և պահպանվում են։
ԱԻ նախարարն իր հերթին հանձնարարել է ուսումնասիրել ծրագիրը, ինչպես նաև Երևանի հրշեջ մասերի մեքենաների վրա փորձնական տեղադրել ներկայացված սարքերը, շարունակել ներկայացված ծրագրի ուսումնասիրությունները:-0-