ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ ռեժիսոր Անի Աբրահամյանի «Կյանքի հինգ կարևոր մասնիկները» բեմադրությունը լավագույն ներկայացում է ճանաչվել «Գիսանե» հանրապետական երիտասարդական թատերական առաջին փառատոնին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-21-ը Երևանում, հայտնեց փառատոնի գնահատող հանձնաժողովի ղեկավար Լևոն Իվանյանը:
Գիսանեն հայ դիցաբանության մեջ բնության մեռնող և հարություն առնող աստվածուհին է:
«Ժյուրին երիտասարդական թատերախմբերի աշխատանքներն ինը անվանակարգերում է գնահատել, և լավագույնների ընտրությունը բավական դժվար է եղել, քանի որ փառատոնին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր դերասաններ և ռեժիսորներ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իվանյանը:
Ըստ նրա՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիանա Ավետիսյանը, լավագույն դերասան է դարձել Արմեն Մարգարյանը, Հակոբ Խանջյանը «Կիլիկիայի արքա» ներկայացման բեմադրության համար արժանացել է լավագույն ռեժիսորի կոչմանը:
Իվանյանը նշեց, որ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ստելլա Խաչատրյանը Գյումրիից, իսկ երկրորդ պլանի դերասան՝ Մարատ Խաչատրյանը:
«Նաև «Լավագույն ինքնուրույն բեմադրություն» անվանակարգի մրցանակ է սահմանվել, որի հաղթող է ճանաչվել Ալլա Բունիաթյանը, ով փառատոնին մի քանի ներկայացում է ներկայացրել»,- հայտնեց հանձնաժողովի ղեկավարը:
Ըստ նրա՝ «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեկ ընդհանուր կեղծանվան տակ հանդես եկող չորս աղջիկ ռեժիսորների «Յոթ մեղք» ներկայացումը: «Լավագույն գեղարվեստական ձևավորում» անվանակարգում մրցանակի է արժանացել նկարիչ Նարեկ Քեշիշյանը:
Փառատոնի կազմակերպիչներից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն իր հերթին տեղեկացրեց, որ մյուս տարվանից նախատեսվում է ընդլայնել փառատոնի ձևաչափը և դրանում ներառել հայեցակարգային ժանրեր, որոնցով կցանկանային մասնակցել երիտասարդ թատերական գործիչները, օրինակ՝ ինստալիացիան:
Բացի այդ, Մազմանյանը առաջարկով է հանդես եկել՝ հաջորդ տարվանից փառատոնն անցկացնել մարտի 20-31-ը, որպեսզի առավելապես մոտ լինի բնությանը:
«Գիսանե» թատերական փառատոնն առաջին անգամ մեկնարկել է 2008թ.-ին՝ որպես ուսանողական, իսկ 2011թ.-ից այն ստացել է երիտասարդական հանրապետական փառատոնի ձևաչափ, որպեսզի որքան հնարավոր է շատ երիտասարդական թատերախմբեր ներգրավվեն: -0-