ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևորում է Աֆրիկայում ու նաև աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով ՀՀ-ում Սենեգալի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆի (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը ողջունել է այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին և մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին:
Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների:-0-