Համագործակցության հուշագրի ստորագրում է նախատեսվում Հայաստանի և Թուրքիայի գործարար կառույցների միջև հայ և թուրք գործարարների համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 22-23-ը, հայտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) մամուլի ծառայությունը:
«Հուշագրի ստորագրման նպատակն է համագործակցության ստեղծումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երիկրների գործարարների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համաժողովին կմասնակցեն ավելի քան երեսուն գործարարներ, որոնք ներկայացնում են Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտները, այդ թվում` թեթև արդյունաբերություն, շինարարություն, կահույքագործություն, հանքային արդյունաբերություն, ոսկերչություն և առևտուր:
Բացի այդ, կհրավիրվեն փորձագետներ, ովքեր կներկայացնեն Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկատիրության ոլորտի փոխգործակցության ներկայիս մակարդակը և հեռանկարները:
«Համաժողովի շրջանակներում կանցկացվի թուրք արտադրողների արտադրանքի ցուցահանդես, որը թույլ կտա ծանոթանալ թուրքական ապրանքների որակին և արտադրման տեխնոլոգիաներին»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Միջոցառումն անցկացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որը, մասնավորապես, իրականացնում են USAID-ն, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և ՀԱԳՄ-ն: --0--