«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ոչ նպատակահարմար է համարում Երևանի կենտրոնական կայարանի աշխատանքը գիշերային ժամերին, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հրապարակած տեղեկատվությանը:
«Երևանի կենտրանական երկաթուղային կայարանն ամսվա կենտ օրերին աշխատում է մինչև 20:30՝ երեկոյան ժամերին չվերթերի բացակայության պատճառով: Ամսվա զույգ օրերին կայարանն աշխատում է մինչև 23:00-т, քանի որ ժամը 22:35 Երևանից մեկնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը: Հայտնում ենք նաև, որ գիշերը կայարանում մշտապես գտնվում է հերթապահը: Բացի այդ, գիշերը կայարանում մշտապես գտնվում է հերթապահը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին մամուլի ծառայությունից:
ՀԿԵ մամուլի ծառայությունը Երևանի կայարանի «աշխարհի կայարանների» հետ համեմատությունը տհաս է համարում:
«Անտեղյակ անձանց համար հայտնում ենք, որ «աշխարհի կայարանները» իրականացնում են տարանցիկ փոխադրումներ, այդ պատճառով ունենալով ուղեվորափոխադրումների մեծ ծավալներ և աշխատելով շուրջօրյա: Հայաստանի փակ սահմանների պարագայում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղեվորափոխադրումներ է իրականացնում միայն մեկ՝ վրացական ուղղությամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի մարզերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ բնակչության շարժը գիշերային ժամերին բավականին պասիվ է, կայարանի այս ժամերին աշխատելը ոչ նպատակահարմար է»,- նշում է մամուլի ծառայությունը:
Դրա հետ համատեղ ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն նույնպես մտահոգված է այս խնդրով և մշակում է Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանի զարգացման հայեցակարգը, որը թույլ կտա կայարանը դարձնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կենտրոններից մեկը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն բաց է տարբեր երիտասարդական կազմակերպությունների կայարանի բարեկարգման և քաղաքի կյանքում դերի ակտիվացման հետ կապված առաջարկների համար և պատրաստ է քննարկել նաև «Չենք լռելու» նախաձեռնության ունեցած առաջարկները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-