Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել ՀՀ խորհրդարանի նոր խոսնակի թեկնածության քննարկման օրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Դեռ մենք չենք որոշել ՀՀԿ Խորհրդի համագումարի օրը, որի ընթացքում էլ քննարկվելու է նոր խոսնակի թեկնածությունը»,- ասաց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի, «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, վերահաստատել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում:
Աբրահամյանը մտադիր է 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավորել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը: Ժամանակավորապես Ազգային ժողովի խոսնակի պարտականությունները կկատարի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:
Ակնկալվում է, որ առաջիկայում ՀՀԿ-ն կկողմնորոշվի ՀՀ ԱԺ խոսնակի թեկնածության հարցում:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:--0—