Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի հայտնեց լրագրողներին, որ Թաթա Սիմոնյանի համերգին Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ելույթ ունենալիս՝ հարբած չի եղել:
Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսքով հանդես է եկել ՀՀԿ-ի անունից կազմակերպված համերգին: Տեսագրության դիտման ժամանակ շատերին տաօրինակ է թվացել վարչապետ Սարգսյանի ելույթը, ինչից հետո եթերում լուրեր են հայտնվել այն մասին, թե նա հարբած է եղել ելույթի պահին: Ավելի վաղ Facebook-ի իր էջում վարչապետը մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով տեխնիկական խոտանը և ասելով, որ տեսագրությունը նրան նույնպես զվարճացրել է:
«Միջոցառման ժամանակ տեխնիկական խնդիր է ծագել, որը հաշվի չի առնվել միջոցառումը պատրաստող իմ թիմի կողմից: Երբ սկսել եմ խոսել, արձագանքն այնքան բարձր էր, որ ես չէի կարողանում լսել այն, ինչ ասում եմ: Սա մեր թիմի թերությունն է և, հավանաբար, ավելի ճիշտ կլիներ, որ ես ելույթ ունենայի բեմից»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իր հրապարակային ելույթների 22-ամյա փորձի ընթացքում նմանատիպ ոչինչ իր հետ չի պատահել:
«Ինձ համար մի փոքր անհասկանալի է այս թեմայի շուրջ բարձրացած իրարանցումը, քանի որ հազարավոր մարդիկ են մասնակցել այդ միջոցառմանը և կողքիս մարդիկ են նստած եղել: Եթե ես ոչ սթափ վիճակում լինեի, նրանք դա կնկատեին»,- ընդգծեց նա:
Կառավարության ղեկավարն ավելացրեց նաև, որ ընդհանուր առմամբ նորմալ է վերաբերվում ալկոհոլին:
«Հայրս ինձ միշտ խորհուրդ է տվել ընկերություն չանել այն մարդկանց հետ, ովքեր չեն խմում»,- խոստովանեց Սարգսյանը: -0-