ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2012» մրցույթին Հայաստանի մասնակցությունը կախված է Ադրբեջանի և Եվրոպայի անվտանգության համատեղ երաշխիքներից՝ Բաքվում հայ բռնցքամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպի կրկնությունից խուսափելու համար, հայտարարել է մրցույթին հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ հոկտեմբերին Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնության ընթացքում, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստները Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների վրա քարեր էին նետել:
«Խնդիրը հենց անվտանգությունն է, քանի որ բոլորը վստահությամբ ասում են՝ կարող եք գալ և մասնակցել, սակայն բռնցքամարտիկների հետ տեղի ունեցած վերջին դեպքերն այն բանի օրինակն են, որ անվտանգության լուրջ երաշխիքներ են հարկավոր: Եվ անհնար է պարզապես ողջ թիմով վեր կենալ և գնալ, սա մեկ մարդ չէ, և մեկ օրվա այց չէ: Այն 15 օրվա այց է, և մեծ թիմ է մասնակցելու, այսինքն մենք պետք է անհատական երաշխիքներ ստանանք, այլ ոչ թե ընդհանուր հայտարարություններ», - ասել է նա «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում:
Մրցույթի միջազգային կազմկոմիտեն անվտանգության երաշխիքների մասին տեղեկատվություն է տարածել Բաքու ժամանող բոլոր օտարերկրյա պատվիրակությունների համար: Ադրբեջանի կառավարությունն իր հերթին Եվրոպայի հեռարձակողների միությանը երաշխավորագիր է ներկայացրել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի անցկացման համար:
Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանի հայցին պետք է արձագանքեն ինչպես ադրբեջանցիներն, այնպես էլ եվրոպացիները:
Այն հարցին, թե ինչու՞ Ադրբեջանը չի շտապում երաշխիքներ տրամադրել Հայաստանին, Գասպարյանը պատասխանեց, - «գլխացավանք չեն ուզում»:
«Երաշխիքները պետք է տրամադրվեն լուրջ մակարդակի վրա, հակառակ դեպքում ստիպված կլինենք մնալ համարում և դուրս չգալ: Իսկ դա բացասաբար կազդի երգչի վրա: Չէ՞ որ մենք պատասխանատու ենք և կատարողի, և նրա անվտանգության, և առողջության համար: Եվ խնդիրը միայն ցանկությունը չէ», - ասել է նա:
Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթն ընդունելու իրավունք է ստացել Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթում Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-