Հայաստանի երիտասարդությունն ու գործարարներն անհամբերությամբ սպասում էին մարքեթինգի ոլորտի համաշխարհային հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի Հայաստան կայանալիք այցին, երեքշաբթի իր նստավայրում ընդունելով Կոտլերին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նախագահը ողջունել է պրոֆեսոր Կոտլերին և վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր օգտակար կլինի շուկայագիտության և բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա դասախոսություններին»,- հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը, որպես հեռանկարային ուղղություն և գիտություն, չափազանց կարևոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար՝ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու նախաձեռնությունը:
Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունն իրականացնելիս այն կարևոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:
Պրոֆեսոր Կոտլերը մարքեթինգը համարելով և՛ գիտություն, և՛ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին:
Ֆիլիպ Կոտլերը Երևան էր ժամանել կիրակի՝ «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» ծրագիրին մասնակցելու համար, որը կազմակերպվել է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից և կոչված է Հայաստանի դինամիկ զարգացում և էքստենսիվից զարգացած և բարգավաճող տնային տնտեսությանն անցում ապահովել: Նաև ուղղված է Հայաստանի դերի և նշանակության մարքեթինգի մասին պատկերացումների փոփոխմանը, նոր մարքեթինգային գործիքների, այդ թվում՝ համաշխարհային մարքեթինգի մասնագետ Ֆիլիպ Կոտլերի ծրագրի՝ Marketing 3.0-ի կիրառմամբ ՝ բիզնեսի վարման նոր ժամանակակից կանոնների ներդրմանը:
«Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» ծրագրի շրջանակներում, «Կոտլեր Իմպակտ» ընկերությունը նախատեսում է հանրապետությունում «Կոտլերի մարքեթինգային գերազանցության կենտրոն» բացել, որը տարածաշրջանի միակ մարքեթինգային և մենեջմենտի կենտրոնը կդառնա միջազգային ասպարեզում: Կենտրոնում կսովորեն և որակավորում կբարձրացնեն ինչպես տեղի, այնպես էլ ԱՊՀ-ի և տարածաշրջանի երկրների մարքեթինգի ոլորտի արտերկրի մասնագետները:
Ինտերնետում ծրագրի գլխավոր տեղեկատվական հովանավորն է «ԱՌԿԱ» գործակալությունը: -0-