Երկրում իրականացվող բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի ու Միության անդամ պետությունների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ճանապարհին, ուրբաթ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոնեստի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը հույս է հայտնել, որ այցը նաև կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահի խոսքով, «դա լավ հնարավորություն է՝ տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների բնույթին ու մարտահրավերներին»:
Քրիստիան Վիգենինն իր կողմից նշել է, որ խորհրդարանականների միջև փոխգործակցության արդյունքներն արդեն տեսանելի են, և իր այցը նպատակ ունի նաև խրախուսել այդ գործակցությունը:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի գործունեությանը, զրուցակիցներն այն համարել են մասնակից երկրների միջև փոխըմբռնման ու երկխոսության խթանման, կապերի սերտացման և համագործակցության օգտակար հարթակ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեհամակարգի վրա: -0-