ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ երկրում հայտարարված եվրոպական արժեքների և իրականության միջև ճեղքվածք գոյություն ունի, որն անհրաժեշտ է լցնել:
«Մենք հռչակում ենք եվրոպական արժեքները, ազատությունը, ժողովրդավարական սկզբունքները, արդյունավետ պետություն կառուցելու անհրաժեշտությունը, բայց տեսնում ենք, որ մեր կողմից հայտարարված արժեքների և իրականության միջև մեծ ճեղքվածք կա: Այդ ճեղքվածքը լրացնելու համար մեզ տեխնիկական և ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, և այդ աջակցությունն այսօր մեզ տրամադրվում է Եվրամիության կողմից՝ Հարևանության ծրագրի և Ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում»,- ուրբաթ Երևանում կայացած «Արևելյան գործընկերություն. զարգացման ներքաղաքական և եվրոպական համատեքստեր» համաժողովի ընթացքում ասել է կառավարության ղեկավարը:
Ըստ նրա՝ նման աջակցության նպատակն է ավելացնել Հայաստանի ներուժը, ծրագրերի իրականացումը, որոնց շուրջ եվրոպացի գործընկերների հետ լիարժեք պայմանավորվածություն կա:
Սարգսյանը նաև բացատրել է, թե ինչու հատկապես Հայաստանն է իր առջև նպատակ դրել իրականացնել եվրոպական արժեքները:
Ըստ նրա՝ Հայաստանն արել է այդ ընտրությունը, քանի որ համաշխարհային պատմությունից հայտնի է, որ լավագույն կերպով արդար հասարակություն և պետություն կառուցելու մոդելը Եվրոպայում է ի հայտ գալիս:
«Մեր ընդունած արժեքների համակարգը, որոնք մեր գոյաբանական պատկերացումներում են, քրիստոնեական արժեքները մոտ են նաև Եվրոպային: Եթե մենք արդար հասարակության և պետության կառուցում են ցանկանում, ապա եվրոպական ստանդարտները մեզ համար լավագույնն են»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ նա ակնհայտ է անվանել այն, որ Եվրոպան իր զարգացմամբ մի քանի քայլ առաջ է գտնվում, և եվրոպական փորձի ուսումնասիրումը, առկա խնդիրների բացահայտումը շատ կարևոր են Հայաստանի համար, եթե նա ցանկանում է եվրոպական մոդել ներմուծել:
Սարգսյանը նշել է, որ ՀՀ քաղաքական իշխանությունները վստահ են եվրոպական չափանիշների ներմուծման ընտրված ռազմավարության ճշմարտացիությանը: «Մեր առաջադրած արժեքները մեր համոզմունքներն են»,- ընդգծել է վարչապետը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ այդ ճանապարհին երկու վտանգավոր հիվանդություններ գոյություն ունեն: «Առաջինը սոցիալական պոպուլիզմն է՝ սոցիալական խնդիրների հեշտ լուծման վերաբերյալ պատկերացումները»,- ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ մյուս հիվանդությունը ծայրահեղ պահպանողականությունն ու ազգայնականությունն է, որը ոչ մի ինտեգրացիոն ընթացակարգ և ժամանակակից արժեք չի ճանաչում: -0-