Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հանցավոր ճանապարհով ստացված գումարների օրինականացման փաստ են արձանագրել: Գործին առնչություն ունեն աֆրիկյան երկրների քաղաքացիները, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ 29-ամյա Անժելա Քամարան 2011 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան գնով ավիատոմսեր վաճառելու պատրվակով օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, վերջինս այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից «Սիբիր» ավիաընկերությանը փոխանցել է տոմսերի ամբողջ գինը և ՀՀ-ում ուղևորներից կանխիկ գումար է վերցրել:
«Արդյունքում օրինականացվել են հանցավոր ճանապարհով ստացված գումարները: Կատարվում է քննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: -0-