Իրաքի հայ երիտասարդները Հայաստան կայցելեն 2012 թ.-ին
Իրաքի հայ երիտասարդները 2012 թ.-ին կայցելեն իրենց պատմական հայրենիք «Արի տուն» ծրագրի շրջանակներում, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգշաբթի Երևանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Զրույցի ընթացքում արքեպիսկոպոս Ասատուրյանը նշել է, որ 2011 թվականի սկզբից Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքի պետական դպրոցներից մեկում կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որին մասնակցում է շրջանի 44 հայ աշակերտ:
«Առաջիկայում նախատեսվում է նաև հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել Իրաքի այլ շրջաններում», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հակոբյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրմանը: Նախարարության միջնորդությամբ ցուցաբերվում է բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրեր:
«Արի տուն» ծրագիրը մշակվել է 2009 թվականին Սփյուռքի նախարարության կողմից, ծրագրին մասնակցում են 13-20 տարեկան սփյուռքահայ ներկայացուցիչներ, ովքեր այցելում են Հայաստան՝ պատմական հայրենիքին ավելի մոտ ծանոթանալու, հայոց լեզվի և հայկական մշակույթի ներկայացուցիչների հետ շփվելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է ամեն տարի՝ հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:-0-

