Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով, երեքշաբթի Բրյուսելում ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»,- նշել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ այս հարցում վարչապետը կարևորել է նոր ընտրական օրենսգիրքն ու «Հանրային ծառայությունների մասին» օրենքը, որը թափանցիկ է դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը:
Վարչապետը նաև ընդգծել է ԵՄ-ի հետ Հայաստնաի ինտեգրման կարևորությունը՝ նշելով, որ ներկայումս Երևանը բանակցություններ է տանում ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ:
««Արևելյան գործընկերություն» ԵՄ ծրագրի շրջանակներում աջակցությունը կարող է արագացնել ինստիտուցիոնալ վերափոխումների գործընթացն ու բարեփոխումների անցկացումը»,- նշել է վարչապետը:
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու հայ-թուրքական հարաբերություններին` վերահաստատելով առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:
Նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Հայաստանի խորհրդարանկան ընտրությունները տեղի կունենան 2012թ.-ի գարնանը: -0-