ԵՊՀ-ում նոյեմբերի 7-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն կբացվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation - EIF) մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հնդկաստանի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը, պաշտոնատար այլ անձինք:
ԵՊՀ-ում Տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտում հայ-հնդկական գերազանցության կենտրոնի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թ.-ին: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործի Param գերհամակարգիչը (10-40 գիգաֆլոպ արտադրողականություն), որը հնդկական արտադրության է և արժե ավելի քան 1,5 մլն դոլար:
Կենտրոնը բացվում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների և «Ձեռնակությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի հիման վրա: Այն կֆինանսավորվի ինչպես կառավարության կողմից, այնպես էլ համալարսանի միջոցների հաշվին: Կրթական կենտրոնի բոլոր սարքավորումները տրամադրում է Հնդկաստանի կառավարությունը:
Տեղեկատվության համաձայն՝ կենտրոնի ստեղծման արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, որոնցից 2 մլն դոլարը հնդկական կողմի ներդրումներն են, որոնք արդեն իրականացվել են սարքավորումների տեսքով, մնացած միջոցները տրամադրում է հայկական կողմը:
ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության խթանման համաձայնագրի նպատակը, որը ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև, ստեղծել աշխատատեղեր, պատրաստել բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների՝ հայկական շուկա ներդրումներ ներգրավելու նպատակով:-0-