ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային դոնոր կազմակերպություններն ու ՀՀ կառավարությունը հինգշաբթի ստորագրել են մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից` գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` գրասենյակի գործող տնօրեն Կարել Հոֆստրան, Համաշխարհային բանկի կողմից` ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Միջազգային դոնոր կազմակերպությունների շարքում է նաև Ավստրիայի զարգացման գործակալությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ըստ փաստաթղթի` միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանի Հանրապետությունում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նախագահի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ:
Խորհրդի գործունեությունն ուղղված է լինելու գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:
«Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից և հավանության է արժանացել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:-0-