Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հինգշաբթի հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների և օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով:
«Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը այցելել է 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հաղորդել էր, որ այցի ընթացքում նախատեսվում է վերահսկել 102-րդ ռուսական ռազմակայանի ազատած Երևանյան կայազորի ռազմական թաղամասերի փոխանցումը: Երևանյան կայազորի ազատած ռազմական թաղամասերի ֆոնդի փոխանցումը Հայաստանին թույլ կտա կրճատել ռուսական ռազմակայանի պահպանության ծախսերը: Բացի այդ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների անցկացումից հետո 102-րդ ռազմակայանի հաստիքային թվաքանակը կրճատվել է, արդյունքում՝ ռուս զինվորականների տեղաբաշխման օպտիմալացում է պահանջվել:
Հայաստանում՝ Գյումրիում և Երևանում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը ԱՊՀ ՀՕՊ համախմբված համակարգի շրջանկաներում ռազմական հերթապահություն է կատարում: 2010թ. օգոստոսի 20-ին ՌԴ-ն և ՀՀ-ն երկարացրել են ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետը: Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.-ին, դրա գործողության ժամկետը 25 տարի էր կազմում, այժմ փաստաթուղթն ուժի մեջ կլինի մինչև 2044թ.-ը:-0-